Հայաստանի անկախության տոնի առթիվ, ընդունված է, որ երկրի նախագահը պարգևատրում է գիտության, կրթության, առողջպահության, արվեստի, գրականության ոլորտում աչքի ընկած անձանց:
Ժամանակին «Մեսրոպ Մաշտոց» և «Մովսես Խորենացի» մեդալ-շքանշաններով պարգևատրվածներին թիվ ու հաշիվ չկար: Եվ մնում էր տարակուսելը, որ եթե մեր ողջ հանրապետությունում այդքան տաղանդավոր ու շնորհաշատ մարդիկ կան, ինչու՞ են մեր մշակույթը, գիտությունն ու մյուս ոլորտներն այդքան տխուր վիճակում:
Արվեստագետ Գրիգոր Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե արժե պահպանել այն կարգը, համաձայն որի՝ երկրի նախագահը Անկախության տոնի առթիվ մրցանակներ ու պարգևներ է հանձնում տարբեր ոլորտներում աչքի ընկած անձանց: Արդյոք դա խորհրդային մնացուկ չէ՞:
Գրիգոր Խաչատրյանը հիշեցրեց, որ ինքն էլ է հանձնում մրցանակներ, բայց միայն՝ իր անունից:
«Ամեն մարդ իրավունք ունի իր անունից հանձնել մրցանակներ: Եթե, օրինակ, Մովսես Խորենացու կամ Մեսրոպ Մաշտոցի անունից մրցանակներ են հանձնում, հետաքրքիր է՝ հարցրե՞լ են նրանց կարծիքը (ծիծաղում է- Թ. Հ.), համաձայնեցրե՞լ են նրանց հետ: Դա շահարկում է: Վտանգավոր են այն մարդիկ, ովքեր մեր անունից քայլեր են անում»,- ասաց Գրիգոր Խաչատրյանը:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ